Հայաստանը դառնում է տարածաշրջանային ԱԲ գերհամակարգչային կենտրոն․մեկնարկել է Firebird Ai-ի ԱԲ մեգանախագծի եզրափակիչ փուլը
Հայաստանում արհեստական բանականության ոլորտի ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծը մտնում է իրագործման եզրափակիչ փուլ։ Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնում արդեն ավարտին են մոտենում առաջին փուլի շինարարական և սարքավորումների տեղակայման աշխատանքները։
Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողները առաջին անգամ այցելեցին կառուցվող համալիր՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։ Firebird AI-ի համահիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկաներին հայտնեց, որ ընդամենը օրեր անց արդեն իսկ կսկսվի GPU-ների տեղադրումը։
Հրազդանի մոտակայքում 200,000 քմ ընդհանուր տարածքում կառուցվող արհեստական բանականության գործարանի առաջին փուլում կգործի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ հաշվողական հզորություն։ Այս ցուցանիշների շնորհիվ այն կդառնա տարածաշրջանի ամենախոշոր ԱԲ տվյալների կենտրոնը
Firebird-ում վստահ են՝ այս ենթակառուցվածքը կարևոր դեր կունենա գիտական հետազոտությունների, ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, կենսաբժշկական տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր լուծումների զարգացման համար։ Ընկերությունը արդեն իսկ նախապատրաստվում է ծրագրի երկրորդ փուլի մեկնարին։




