Քվանտային տելեպորտացիա․ գիտաֆանտաստիկ ֆիլմեր, թե՞ ապագայի հեռանկար

Քվանտային տելեպորտացիա․ գիտաֆանտաստիկ ֆիլմեր, թե՞ ապագայի հեռանկար

Քվանտային մեխանիկայի բնագավառում վերջին գիտական նվաճումները մեզ մեկ քայլ ավելի են մոտեցրել տելեպորտացիայի իրականացմանը։ Սկսած 1990-ականներից, գիտնականներն արդեն հաջողել են իրականացնել ֆոտոնների տելեպորտացիա, իսկ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնների տելեպորտացիան նույնպես հնարավոր է։ Այս ձեռքբերումները հիմնված են քվանտային խճճվածության երևույթի վրա, որն ապահովում է մասնիկների միջև հեռավորության վրա գոյություն ունեցող զարմանալի կապը։ Ռոչեստերի և Պերդյուի համալսարանների գիտնականների կողմից իրականացված և Ազգային գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորված հետազոտություններն ապացուցել են, որ էլեկտրոնների միջև տելեպորտացիան իրատեսական նպատակ է։

 

Քվանտային հաշվարկների ոլորտում տեղի ունեցող առաջընթացը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում հնարավոր կդառնա իրականացնել նույնիսկ մարդու տելեպորտացիա։ Սակայն, ի տարբերություն գիտաֆանտաստիկ ֆիլմերում պատկերված տրանսպորտերների, իրական տելեպորտացիան ենթադրում է ոչ թե ֆիզիկական նյութի տեղափոխում, այլ քվանտային տեղեկատվության փոխանցում մարդու մարմնի յուրաքանչյուր ատոմի մասին։ Այս տեղեկատվությունը կօգտագործվի նշանակետում նույն մարդուն վերակառուցելու համար, իսկ բնօրինակը կոչնչացվի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, տեղափոխվում է ոչ թե նյութը, այլ այն տեղեկատվությունը, որը բնութագրում է տվյալ օբյեկտի քվանտային վիճակը։

 

Հայտնի ֆիզիկոսներ, ինչպիսին է Ջոն Կլաուզերը, զգուշացնում են, որ նման սարքի մեջ մտնելը կարող է համարժեք լինել մահվան, իսկ նշանակետում առաջացած էակը՝ պարզապես կրկնօրինակ։ Չնայած այն հեռանկարներին, որոնք տելեպորտացիան կարող է առաջարկել, օրինակ՝ ակնթարթային տիեզերական ճամփորդություն, ռիսկերն ու անորոշությունները դեռևս շատ մեծ են։

 

Թեև մարդու տելեպորտացիայի գաղափարը դեռևս մնում է տեսական մակարդակում, քվանտային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հասարակությունը շուտով ստիպված կլինի որոշել, թե արդյոք հնարավոր օգուտները գերազանցում են այս տեխնոլոգիայի հետ կապված էկզիստենցիալ ռիսկերը։ Այս որոշումը ներառում է ոչ միայն գիտական ասպեկտները, այլև բարոյագիտական, փիլիսոփայական և նույնիսկ կրոնական հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են մարդկային ինքնության, գիտակցության անընդհատության և կյանքի էության ընկալման հետ։


#ստեմնյուզ#նորություններ#միջազգային#գիտություն#տեխնոլոգիա#տելեպորտացիա#գիտաֆանտաստիկայիցիրականություն#էլեկտրոններիտելեպորտացիա#գիտականնվաճում#քվանտայինտեղեկատվություն