«Վիկտոր Համբարձումյանն էր, որ շունչ տվեց տիեզերքին»․ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան

StemNews.am-ը զրուցել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ՝ իմանալու, թե այսօր ինչ տեղ է զբաղեցնում աստղադիտարանը աստղագիտության ոլորտում, որ ուղղություններն են առաջատար աստղադիտարանի համար, ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած այն, և ինչ խնդիրներ պետք է լուծի։

 

-Ինչի՞ց առաջացավ Ձեր սերը աստղագիտության նկատմամբ։ Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ոգեշնչման աղբյուրը։

 

-Իմ սյուբեկտիվ կարծիքով՝ բոլորն էլ երկինքը սիրում են, տիեզերքը, աստղագիտությունը։ Երեխաների հետ հիմա առնչվում եմ, մասայաբար բոլորը սիորում են։ Նույնն իմ հետ էր։ Ես սիրում էի սովորել։ Իմ մեջ պահում էի այն երազանքը, որ աստղագետ դառնամ, չնայած չգիտեի՝ ինչպես։ Հետո հասկացա, որ պետք է ընդունվել Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ կար աստղագիտության ամբիոն։ Որոշման վրա, իհարկե, ազդեցին նաև Վիկտոր Համբարձումյանի գործոնը և  Հայաստանում աստղագիտության բարձր մակարդակը։ 

             

-Կհիշե՞ք Ձեր առաջին փորձը աստղադիտակով նայելիս։ Ի՞նչ զգացողություններ եք ունեցել։

 

-Հայրս հայտնի ճարտարապետ էր՝ Մարտին Միքայելյան, նա շատ էր կարևորում գիտությունը, արվեստը։ Իմ մեջ մինչև հիմա մտել է, որ ասում էր՝ ստեղծագործող մարդը ամենաբարձր մարդն է։ Նա մեզ համար գնել էր փոքր դիտակներ, և երբ որ արդեն ուսանող էի, Մոսկվայից գնեց, բերեց Խորհրդային միության ամենամեծ սիրողական աստղադիտակը: Մինչև հիմա դա իմ աշխատասենյակում դրված է: Հետո, իհարկե, այցելեցի Բյուրականի աստղադիտարան, ինչպես շատ-շատ այլ դպրոցականներ:  

 

-Ո՞րն է եղել Ձեր մասնագիտական ուղու ամենամեծ մարտահրավերը և ինչպե՞ս հաղթահարեցիք այն։

 

-Շատ ծանր երիտասարդություն եմ ունեցել: Երբ որ 1986 թվականի վերջին եկա աստղադիտարան աշխատելու, դեռ նույնիսկ չէինք էլ կողմնորոշվել՝ ինչով զբաղվել: Այն ժամանակ երիտասարդներին ճնշում էին, այսօրվա նման չէ: Ասում էին՝ այս թեմայով պիտի զբաղվես, ու վերջ: Տարի ու կես էլ չէր անցել, սկսվեց Ղարաբաղի շարժումը, երկրաշարժ, Խորհրդային միությունում տնտեսական ճգնաժամը, փլուզումը, քաղաքական փոփոխությունները, պատերազմը: Մենք էլ երիտասարդներով զբաղվում էինք աստղագիտությամբ, փորձում էինք ինչ-որ բան սովորել: Նույնիսկ արդեն սկսել էի իմ ասպիրանտական տարիները, թեկնածուական թեզ պետք է պատրաստեի, որը վեց տարի ձգվեց դրա պատճառով: Այդ առումով՝ շատ մեծ մարտահրավեր էր: 

 

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

 

-Դա ինձ համար Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ճանաչելն է: Դա միջազգային կարգավիճակ է, ինչը բացառիկ բան է: Բոլորս գիտենք, որ Հայաստանը մեկ այլ ոլորտում նման բան չունի՝ քաղաքական, տնտեսական, մարզական, մշակութային… ես ուրախ կլինեի, որ Հայաստանը ճանաչվեր որպես տարածաշրջանային շախմատի կենտրոն, որովհետև մենք իսկապես շախմատից շատ լավ ենք: Կամ որևէ այլ ոլորտի: Դա նաև հարգանքի, հեղինակության վարկանիշն է բարձրացնում:  

 

Մենք դա կարողացել ենք անել աստղագիտության ոլորտում։ Փաստ է, որ մենք կարողացանք ամենաուժեղ մրցակցության պայմաններում, նունիսկ Իսրայելը, Միացյալ Էմիրությունները, որ մեկ միլիոն դոլար տրամադրել էր այդ գործին, դա մրցույթ էր։ Ի վերջո Հայաստանը շահեց։ 

 

Հետաքրքիր է, որ Հայաստանը շահեց այս կոնֆլիկտային տարածաշրջանում, որտեղ կա Թուրքիա, Ադրբեջան, որ շատ-շատ առումներով մեր նկատմամբ բացասական են եղել, կամ նույնիսկ՝ են։ Ի դեպ՝ Արդբեջանը խաղից դուրս մնաց։ Իսկ Թուրքիան պաշտոնական նամակով հաստատեց, որ ցանկություն ունեն, որ Հայաստանը լինի կենտրոն։ Դա պարտադիր պայման էր։ Եթե հարևան երկրները այդ պաշտոնական նամակները չտային, Միջազգային աստղագիտական միությունը չէր ճանաչի մեր կարգավիճակը։ Հիմա դա կոչվում է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջան, և դրա կենտրոնը Հայաստանն է։ Մենք համակարգում ենք աստղագիտության զարգացումն այստեղ։ 

 

-Հայաստանում ո՞ր ուղղություններն են աստղագիտության ոլորտում ավելի առաջատար։ 

 

-Հայաստանի գլխավոր ներդրումը աստղագիտության մեջ Վիկտոր Համբարձումյանի կողմից առաջադրված և առ այսօր էլ զարգացվող անակյում երևույթներն են։ Վիկտոր Համբարձումյանն էր, որ շունչ տվեց տիեզերքին։ Տիեզերքը մինչև 20-րդ դարի 30-ականները համարվում էր հավիտենական, հավերժական մի բան։ Առ այսօր էլ մարդկանց զգալի մասը, օրինակ՝ պոետները, տիեզերքը ասոցացնում են հավիտենականության հետ։ Որովհետև Երկրի պտույտի հետևանքով երկինքը թվացյալ պտույտ է ունենում, բայց նայում ես, աստղերը, համաստեղության տեսքը դարեր շարունակ նույն դիրքերում են (հազարամյակների ընթացքում, չնայած, փոփոխվում են), բայց տիեզերքը հիմնականում անփոփոխ, կայուն վիճակի հետ է ասոցացվել։ 

 

Երբ սկսեցին տիեզերաբանական տեսություններ առաջարկել, համարվում էր, որ տիեզերքը ստեղծվել էր միլիարդավոր տարիներ առաջ, և ոչ մի փոփոխություն այլևս տեղի չի ունենում։ Համարձումյանն առաջինն էր, որ նախ՝ ճիշտ տարիքը դուրս բերեց, երկրորդ՝ պնդեց, հասավ նրան, որ այսօր ամբողջ աշխարհն է ընդունում, որ տիեզերքում տեղի են ունենում բազմաթիվ, բուռն, ակտիվ պրոցեսներ՝ աստղերի պայթյուններ, գալակտիկաների միջուկների ակտիվություն և այլն։ Եվ ինչպես ասում են, տիեզերքին շունչ տվեց։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում .

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան 


#ստեմնյուզ#նորություններ#գիտություն#արեգմիքայելյան#վիկտորհամբարձումյան#հայկականաստղագիտություն#տեղական